Օրերս մամուլում հրապարակված նյութերից մեկում քննարկվում էր, թե առաջիկա ընտրություններում որն է լինելու Հայաստանի հանրապետական կուսակցության այլընտրանքը։ Վերլուծության արդյունքում կեսկատակ-կեսլուրջ նշված էր, թե ՀՀԿ-ի այլընտրանքը, ամենայն հավականությամբ, հենց այդ կուսակցության կողմից ներկայացվելիք համամասնական ցուցակն է լինելու՝ նոր դեմքով, իմիջափոխված, թարմացված տեսքով։ Կատակը՝ կատակ, սակայն դրա մեջ իսկապես կա լուրջ մասնիկ։ Եվ սա այն ֆոնին, երբ այլ կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում այնպիսի դեմքեր են սպասվում, որոնց մեծ դժվարությամբ կարելի է այլընտրանք ընկալել։
Անեկդոտիկ այդ համեմատությունն առաջին հայացքից թվում է անլուրջ։ Սակայն առաջիկա ընտրությունների օրենսդրական բազան թույլ է տալիս քաղաքական ուժերին երկու ձևաչափով հանդես գալ՝ համամասնական և ռեյտինգային ցուցակներով։ Եվ այսօրվա դրությամբ ՀՀԿ-ի սպասվելիք համամասնական ցուցակը ոչ միայն այլընտրանք է իր հին կերպարին, այլև իր սպասվելիք վարկանիշային ցուցակին։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ համամասնական ցուցակը լինելու է «սպիտակ», հնարավորինս ժամանակակից և տեխնոլոգիական, զերծ օդիոզ ֆիգուրներից ու քրեական համբավ ունեցող մարդկանցից։ Սակայն ամբողջ նրբությունը հենց այն է, որ նշված գործիչների գոնե մի մասը խաղից դուրս չի մնալու: Նրանք, փաստորեն, տեղափոխվելու են ռեյտինգային ցուցակ։ Փաստորեն, ՀՀԿ համամասնական ցուցակն այլընտրանք է ոչ միայն այլ քաղաքական ուժերի ցուցակներին, այլև հենց նույն կուսակցության ռեյտինգային կազմին։
Հասկանալի է, որ ՀՀ նախագահը փորձել է հնարավորինս ֆիլտրել, մաքրել ու փայլեցրել է ՀՀԿ համամասնական ցուցակը՝ մտցնելով այսօրվա նոր «տյունինգային» չափանիշների տակ։ Եվ ով համապատասխանի այդ չափանիշներին, նա էլ կընդգրկվի ապագա պատգամավորների թվում։ ՀՀԿ առաջիկա խմբակցությունը ներկայանալու է նոր ֆեյսերով ու իմիջային կերպարով, որպեսզի քաղաքական նիհիլիզմով և աթեիզմով տառապող մեր հասարակությունը ենթագիտակցաբար ընդունի կուսակցության նոր դեմքը։
Վաղուց արդեն ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, իրավական խոչընդոտներից և, այսպես ասած, «չփչանալու» ձգտումից ելնելով, չի առաջադրվելու որպես պատգամավորության թեկնածու։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, արվում է նրա անձի հետ կապված ավելի երկարաժամկետ ծրագրերից ելնելով։ Հաշվի առնելով այս փաստերը՝ ՀՀԿ քարոզչությունը հավանաբար ընթանալու է երկու հարթակով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։ Իրավիճակի յուրահատկությունը, այս առումով, այն է, որ իշխող կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը չի լինելու ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ էլ վարչապետը, իսկ շտաբի պետը, ըստ խոսակցությունների, կլինի Սերժ Սարգսյանը։ Այս երկու գործիչների բացակայության պայմաններում ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այսինքն՝ քարոզչության ֆորմալ հարթակում ՀՀԿ «ֆեյսը» լինելու է Վիգեն Սարգսյանը։ Իսկ ոչ ֆորմալ հարթակում գլխավոր լոկոմոտիվը շարունակում է մնալ Կարեն Կարապետյանը։ Եվ պարտադիր չէ, որ Կարեն Կարապետյանն ընդգրկվի քարոզարշավում։ Բավական է, որ նա իր առօրյա գործունեությամբ զբաղվի՝ կառավարության նիստեր, խորհրդակցություններ, հանդիպումներ համայնքներում, որտեղ նա, ներկայացնելով բոլոր խնդիրները, լինելով կոլորիտային դեմք, շահեկան դիրքերում է և միավորներ է բերում իր առօրյա աշխատանքով։ Եվ գուցե հենց դա էլ պահանջվի նրանից՝ ոչ թե ՀՀԿ պաստառների ֆոնին մասնակցի քարոզարշավին, այլ զբաղվի իր գործով՝ ասոցացվելով այդ քաղաքական ուժի հետ։ Այսպիսով, վարչապետը չի դավաճանի նաև իր ոճին. ինչպես պրակտիկան ցույց է տալիս, նա բացարձակապես հեռու է պոպուլիզմից։ Որպես կանոն, քաղաքական սեզոնում քաղաքական գործիչները հրամցնում են գաղափարներ, որոնք հանրությունը սովորաբար ուզում է լսել։ Մինչդեռ նախընտրական այս ընթացքում պետական ապարատի օպտիմալացումը, թոշակները, աշխատավարձերը չբարձրացնելը վարչապետը դիտարկում է որպես սովորական աշխատանքային շրջան, որը չի կարելի կորցնել։ Այսինքն՝ նա զբաղվում է այն գործով, որով միշտ զբաղվել է։
Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանը լինելու է ՀՀԿ գլխավոր լոկոմոտիվը։ Վիգեն Սարգսյանը, լինելով բավականին ընդունելի գործիչ, երիտասարդ է, չի ասոցացվում կոռուպցիոն սկանդալների հետ, թեև երկար ժամանակ իշխանական ապարատում է, հանդուրժող է, եղել է առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականը, աշխատել է ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների հետ, նորմալ հարաբերություններ ունի ամբողջ քաղաքական դաշտի հետ։ Միակ խնդիրն այն է, որ Վիգեն Սարգսյանի մեջ էլ պետք է ավելացվի խարիզման, ինչը նրանում զիջում է գործող վարչապետին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ըստ փորձագետների, ելնելով պաշտպանության նախարարի վերաբերյալ հայկական ընկալումներից (պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է լինի կռված տղա, կամուֆլյաժով և մորուքով, կոշտ արտահայտչամիջոցներով)՝ Վիգեն Սարգսյանը հասարակության կողմից ավելի շատ ընկալվում է որպես նոր ֆորմացիայի քաղաքական գործիչ, քան պաշտպանության նախարար։ Սա, իհարկե, կարող է նաև շահեկան դեր խաղալ ՀՀԿ-ի համար։ Եվ երևի թե ՀՀԿ-ն ավելի շատ շեշտադրելու է նրա այդ հատկությունները։ Այս առումով Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը փոխլրացնելու են միմյանց։
Վարչապետը խարիզմատիկ կերպար է, որը ժողովրդի հետ խոսում է ժողովրդական լեզվով, նրա օգտին աշխատում է նաև վերջինիս էքսպրեսիան, նույնիսկ բարկանալը, քանի որ ոչ ադեկվատ հարցադրումներին տալիս է համարժեք պատասխան՝ ցույց տալով, որ մտադիր չէ հանուն «ռեյտինգի» սկզբունքային զիջումների գնալու անգամ որոշ լրագրողների հետ շփվելիս։ Այս երկու գործիչները լինելու են այն դեմքերը, որոնք քարոզչական դիվիդենդներ են բերելու «Հանրապետականին»՝ ցույց տալով ՀՀԿ-ի նոր իմիջն ու գործելաոճը։
Կարևորվելու է այն փաստը, թե վարչապետի հայտարարած 850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերից մինչև ընտրությունները քանիսն իրականում կմեկնարկեն։ Իհարկե, հասկանալի է, որ ներդրումային բոլոր ծրագրերը մեծ թափով կսկսվեն ապրիլից հետո, երբ կհստակեցվի քաղաքական քարտեզը։ Ըստ ամենայնի՝ կառավարությունը մինչ այդ լուրջ ջանքեր կգործադրի ինչ-որ բան տեղից շարժելու համար։ Այս առումով առաջին ծիծեռնակը Գյումրի կատարած վերջին այցելությունն էր։ Խորհրդանշական է, որ այդ ջանքերը սկսվեցին հենց աղետի գոտուց՝ Գյումրուց, մի տարածաշրջան, որը բավականին սթրեսային է, որտեղ տարիների ընթացքում հասարակության տրամադրություններն այդպես էլ կարծես թե չեն փոխվում։ Եվ օգտվելով այդ իրավիճակից՝ այդ տարածաշրջանում շատերը հեշտ ճանապարհ էին գտել ընտրազանգվածի ձայները գրավելու համար. նրանց սովորեցրել էին, այսպես կոչված, բարեգործությունների, ինչը այլ կերպ կարելի է նաև ընտրակաշառք անվանել։ Ի վերջո ընտրական շրջանում յուրաքանչյուր բարեգործություն հենց այդպես էլ ընկալվում է։
Ի հակադրություն բարեգործությունների՝ այսօր կառավարության կողմից ցույց են տրվում հստակ աշխատանքներ. մասնավորապես նախատեսված է 10 միլիոն դոլարի գումար ներդնել «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավման համար։ Բացի այդ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին պոտենցիալ ներդրողներ, շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ։ Այս այցելության ընթացքում որպես օրինակ ծառայեց հենց վարչապետը՝ հայտարարելով իր ընտանիքի կողմից 500 հազար դոլարի ներդրման մասին։
Այն, որ երկրում մթնոլորտը բավականին ծանր է, ակնհայտ դարձավ նաև Գյումրիում, որտեղ նույնիսկ իրատեսական ծրագրերի նկատմամբ երևում էր թերահավատություն։ Մի տարածաշրջանում, որտեղ տասնամյակներ շարունակ սովոր են, այսպես կոչված, բարեգործությունների, բավականին սառն ու առանց էնտուզիազմի են ընդունում աշխատատեղեր ստեղծելու գաղափարը։ Գուցե դա էլ է հասկանալի, քանի որ շատ դժվար է միանգամից հալեցնել ապատիայի սառույցը։ Գյումրիում ամեն քարը դնելով՝ վերականգնվում է մարդկանց հավատը, փոխվում է մենթալիտետը։ Վարչապետի սկզբնական գնահատականը, թե իրավիճակը տնտեսությունում բավականին ծանր է, ըստ էության վերաբերում է նաև երկրի բարոյահոգեբանական, մենթալիտետային մթնոլորտին, մանավանդ նման ծանր ռեգիոններում, որտեղ շատ լուրջ ծրագրեր իրականացվեն, աշխատեն ոչ թե խոսքերով, այլ իրական գործով։ Ընդ որում՝ այդ թերահավատությունը նոր երևույթ չէ. ժամանակին թերահավատորեն էին վերաբերվում, ասենք, Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու գաղափարին։ Մարդիկ նախընտրում էին, որպեսզի իրենց «նաղդ» գումար բաժանվի տեխնոլոգիական այդ մեծ ծրագրի փոխարեն։ Այսօր, երբ տեխնոլոգիական կենտրոնը կայացել ու գործում է, որոշակիորեն կոտրվել է անվստահության մթնոլորտը։ Այսինքն՝ այսօր խնդիր է դրված իրականացնելու մենթալիտետային փոփոխություններ։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ